Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նրա յուրաքանչյուր մուտքը աշխուժություն է առաջացնում դահլիճում

Նրա յուրաքանչյուր մուտքը աշխուժություն է առաջացնում դահլիճում
26.01.2016 | 02:02

Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան և ռեժիսոր ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ 2015 թվականին մասնակցեց մի շարք միջազգային թատերական փառատոների։ Իսկ Երևանում մասնակցեց «Հայֆեստ» մոնոներկայացումների փառատոնին, ներկայացնելով Ա. Չեխովի «Ծխախոտի վնասի մասին» տեսարան-մենախոսությունը։ Չեխովյան Նյուխինի կերպարով երիտասարդ արվեստագետը հաստատեց, որ ինքը լայն դիապազոնի դերասան է և մտածող ռեժիսոր։ Եվ հումոր, և նրբություն, և գրոտեսկ, և պոռթկում՝ ամեն ինչ կար այդ մենախոսության մեջ։ Ներկայացումը շատերին հետաքրքրեց։ Դերասանը հրավերներ ստացավ հանդես գալու Լիտվայում, Մոլդովայում, Բելառուսում։

-Անցյալ տարի ես մասնակցեցի Յալթայի «Թատրոն։ Չեխով։ Յալթա» փառատոնին,- պատմում է Արա Գևորգյանը։- Ներկայացրի «Ծխախոտի վնասի մասին» մենախոսությունը։ Խաղացի ռուսերեն։ Խաղացի Յալթայի Ա. Չեխովի անվան թատրոնի բեմում։
Ժյուրիի աշխատանքը գլխավորում էր Մոսկվայի «Ժամանակակից պիես» թատրոնի գլխավոր ռեժիսոր, ГИТИС-ի պրոֆեսոր Ռախելգաուզը։ Ժյուրիի կազմում էին МХАТ-ի դերասանուհի Եգորովան, հանրահայտ Անդրեյ Միրոնովի դուստրը՝ դերասանուհի Մարիա Գոլուբկինան։
Լրագրողներից մեկը հարց էր տվել Ռախելգաուզին. «Կա՞ր արդյոք ներկայացում, որը Ձեզ դուր է եկել»։ Վարպետը պատասխանել է. «Այո, ինձ ցնցեց իմ հայ գործընկերոջ աշխատանքը»։
Ես արժանացա դափնեկրի կոչման և հրավեր ստացա մասնակցելու հաջորդ փառատոնին։
Յալթան մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Փառատոնի մասնակիցների հետ եղա Չեխովի տուն-թանգարանում։ Այցելեցի Սպիտակ առանձնատունը, ուր հաճախ էին լինում Կ. Ստանիսլավսկին, Վ. Նեմիրովիչ-Դանչենկոն, Ա. Սպենդիարյանը։ Հոյակապ էր Յալթայի հայկական եկեղեցին, որը ձևավորել էր Վարդգես Սուրենյանցը։ Իսկ երաժշտական դպրոցը կրում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը։
Էքսկուրսավարը պատմեց, որ Չեխովը շատ համեստ և հյուրասեր մարդ էր։ Նա երբեք իր հյուրերին դիտողություն չէր անում, չէր արգելում ծխելը, չնայած այն վնաս էր իր առողջության համար։ Եվ Չեխովի մտերիմներից մեկն աշխատասենյակի դռանը փակցնում է մի վահանակ՝ չծխել։
Փառատոնի մասնակիցների վերաբերմունքն իմ նկատմամբ շատ ջերմ էր։ Սանկտ Պետերբուրգի, Տուլայի, Ղրիմի (ներկայացված էր թաթարական թատրոնը), ՈՒկրաինայի արվեստագետները ջերմությամբ էին խոսում մեր ազգի, մեր թատրոնի մասին։ Եվ ես հպարտ էի, որ հավուր պատշաճի ներկայացրի Հայաստանը։
Անցյալ տարի մասնակցեցի նաև Թուրքիայի Մեդրեսիս գյուղում տեղի ունեցած մոնոներկայացումների փառատոնին։ Յուրաքանչյուր ամառ այդ գեղատեսիլ վայրում հավաքվում են երիտասարդ մտավորականներ, գիտության, մշակույթի գործիչներ։ Բանավեճեր են անցկացնում, փառատոներ։
Անցյալ տարվա փառատոնի մասնակիցներն էին Լեհաստանի, Հունաստանի, Թուրքիայի թատերական գործիչները։ Հայաստանը ներկայացնում էի ես։ Խաղացի Չեխով, այս անգամ հայերեն։ Հիացմունքի խոսքեր շատ լսեցի։ Շատերը ցանկություն հայտնեցին ավելի հաճախ շփվելու հայկական թատրոնի հետ։ Ի դեպ, Թուրքիայում ստեղծագործում են հայազգի ռեժիսորներ, թատրոնի այլ գործիչներ։
Արա Գևորգյանը ծնվել է մտավորականների ընտանիքում, որտեղ իշխել է սերը գրքի հանդեպ։ Մայրը գեղեցիկ ասմունքում էր, և այդ սերը ասմունքի հանդեպ փոխանցվեց Արայիկին։ Հաճախում էր Զեյթունի մշակույթի տան թատերական ստուդիան։ Բնական է, որ դպրոցն ավարտելուց հետո Արայիկը հայտնվեց Երևանի թատերական ինստիտուտում։ ՈՒսանողի բախտը, կարելի է ասել, բերեց. դարձավ հմուտ մանկավարժ, պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի սանը։ Ինստիտուտի 4-րդ կուրսում էր, երբ սկսեց աշխատել մնջախաղի թատրոնում, մասնակցում էր նաև դրամատիկական թատրոնի որոշ ներկայացումների։ Իսկ առաջին դերը մարմնավորեց ինստիտուտի ուսումնական թատրոնում (Չուբուկով` Ա. Չեխովի «Առաջարկություն»-ում)։
Արա Գևորգյանը որպես ռեժիսոր և դերասան հանդես է եկել Համազգային թատրոնում։ Այստեղ նա բեմադրեց «Հեքիաթներ» ամանորյան ներկայացումը, խաղաց Ե. Շվարցի «Թագավորը մերկ է» ներկայացման մեջ։
-Հաճույքով եմ հիշում իմ մասնակցությունը «Քնքուշ սրտից պատուհաս» վոդևիլում (Վ. Սոլոգուբ) Հ. Պարոնյանի անվան թատրոնում,- շարունակում է դերասանը։- Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Ա. Չեխովի «Բալի այգի» ներկայացման ռեժիսորի օգնականն եմ եղել։ Անմոռաց են «Խոր վիրապ» ներկայացման հետ կապված տպավորություններս։ Բեմադրիչն էր մեծ ռեժիսոր և դերասան Խորեն Աբրահամյանը, ես նրա ասիստենտն էի։ Այդ տաղանդավոր արվեստագետի հետ շփումը շատ բան սովորեցրեց ինձ և մարդկային, և ստեղծագործական առումով։
Նա զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ. դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսորներ Մայիս Ռաֆայելյանի և Նիկոլայ Ծատուրյանի ասիստենտը։
Հանրապետության վաստակավոր արտիստուհի Հայկուհի Խուդավերդյանի հոբելյանի առիթով ռեժիսոր Արա Գևորգյանը բեմադրեց Ջոն Քիլթիի «Սիրելի խաբեբա» պիեսը, որը մեծ բեմական պատմություն ունի։ Բեռնարդ Շոուին և Պատրիկ Քեմբլին մարմնավորել են տարբեր երկրների բեմի մեծ վարպետները։ Երիտասարդ ռեժիսորին հաջողվեց ստեղծել հետաքրքիր ներկայացում։ Եվ Հայկուհի Խուդավերդյանը, և Գագիկ Ռոստոմյանը կերտեցին համոզիչ, ինքնատիպ կերպարներ։ Եվ դա նաև ռեժիսորի արժանիքն է։
Ռեժիսորը ներկայացման մեջ օգտագործել էր արխիվային տեսանյութեր, որոնք օրգանապես ներհյուսվում են բեմական գործողությանը։ Պրպտող արվեստագետ է Արա Գևորգյանը։ Բազմաթիվ նախագծեր է երազում իրականացնել թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությամբ։ Ի դեպ, նշենք, որ Արան հաղորդումներ է պատրաստել հեռուստատեսությունում՝ «Փոստարկղ» («Հայրենիք»), «Ողջակիզում և վերածնունդ» («Երկիր Մեդիա»)։
Արային ճանաչում բերեցին դերերը, որ խաղում է դրամատիկականում։ Շնորհալի դերասանը հակված է գրոտեսկի, էքսցենտրիկության։ Նրա յուրաքանչյուր մուտքը աշխուժություն է առաջացնում դահլիճում, ժպիտ առաջ բերում։ Մասնակցությունը «Կյանքի գինը» հեռուստասերիալում մեծ ժողովրդականություն բերեց երիտասարդ դերասանին։ Այսօր Երևանի Մհեր Մկրտչյանի անվան «Արտիստական թատրոնում» Արա Գևորգյանը փորձում է Վ. Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» կոմեդիան.
-2016-ը շեքսպիրյան տարի է։ «Արտիստական թատրոնն» առաջին անգամ է անդրադառնում մեծ դրամատուրգի ստեղծագործությանը։ Փորձում եմ շարունակել շեքսպիրյան ավանդույթները հայ թատրոնում։ ՈՒզում եմ ստեղծել գունեղ ներկայացում, ուր առաջին պլանում կլինեն դերասանները, որոնք կկարողանան լիովին բացահայտել իրենց հնարավորությունները։
Համոզված ենք, որ նրա բոլոր մտահղացումները կիրականանան, քանզի ռեժիսոր-դերասանը շատ աշխատասեր է, իսկ նրա թիկունքում է ընտանիքը. կինը՝ Արմիդան, զավակների՝ Սուրենի ու Լիլիթի հետ։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ